ՖՈՒՏԲՈԼ
Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլի առաջին կեսը մոտեցավ ավարտին։ Հոկտեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը չորրորդ հանդիպումն անցկացրեց, այս անգամ Բոսնիա-Հերցեգովինայի ընտրանու հետ և դարձյալ խաղադաշտը թողեց պարտված։
Առաջին խաղակեսն անցավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ։ Մեկ դարպասի վրա անընդմեջ գրոհներն ավարտվեցին հաջողությամբ։ 31 և 39-րդ րոպեներին մեր ֆուտբոլիստները ստիպված էին խաղը վերսկսել դաշտի կենտրոնից։ Պատկերը չփոխվեց նաև երկրորդ խաղակեսում։ Մեր ֆուտբոլիստների անհասկանալի տեղաշարժերին դաշտի տերերը պատասխանում էին մտածված գրոհներով, որոնցից երկուսը ևս արդյունավետ ելք ունեցան։ Մեր հավաքականի համար գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ հանդիպման 84-րդ րոպեին, երբ վերջապես կարողացավ առաջին դիպուկ հարվածը կատարել մրցակցի դարպասին։ Հեղինակության գոլի հեղինակը դարձավ «Արարատի» պաշտպան Վահագն Մինասյանը։ 4։1, և Հայաստանի հավաքականը միանձնյա եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Էստոնիայի հավաքականը, որը սեփական հարկի տակ հյուրընկալել էր թուրքերին, հանդիպումն ավարտեց ոչ-ոքի՝ 0։0։ Ինչ վերաբերում է առաջատարներին, ապա բելգիացիները տանը 1։2 հաշվով զիջեցին իսպանացիներին, որոնք էլ 12 միավորով վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Եվ այսպես, հայկական ֆուտբոլի աշնանային մղձավանջը մոտեցավ ավարտին։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի երկու կանխագուշակություններից իրականացավ երկրորդը։ Մեր ֆուտբոլիստները չորս խաղից հետո 0 միավորով ընթանում են վերջին տեղում, և դժվար թե գարնանային մեկնարկում էլ ինչ-որ բան փոխվի։ Հիշեցնենք, որ հաջորդ երկու խաղերը տեղի կունենան 2009 թվականին։ Մեր ֆուտբոլիստները երկու հանդիպում կանցկացնեն էստոնացիների հետ. մարտի 28-ին` սեփական հարկի տակ, իսկ ապրիլի 1-ին՝ մրցակցի խաղադաշտում։ Այս ընթացքում ինչ-որ բան կփոխվի՞ արդյոք, դժվար է ասել։ Փաստը մնում է փաստ, որ հայկական ֆուտբոլը խաղից խաղ շատ ավելի դժգույն և անօգնական է դառնում, իսկ ապագան՝ անորոշ։ Խոսքն այստեղ բոլորովին էլ Աֆրիկային չի վերաբերում, որի մասին ընտրական մրցաշարի նախօրյակին հայտարարում էին ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները, թեև իրենք էլ իրենց ասածին չէին հավատում։ Ինչևէ, ընտրական մրցաշարի առաջին կեսի գերխնդիրը, շնորհիվ Վահագն Մինասյանի, իրականացրին։ Վերջապես մրցակցին ստիպեցինք գոնե մեկ անգամ խաղը վերսկսել դաշտի կենտրոնից։ Կհաջողվի՞ նրանց վաստակել նաև առաջին միավորը, ցույց կտան հաջորդ հանդիպումները։ Դատելով արդեն կայացած խաղերից, մեր գլխավոր հույսը մնում է Էստոնիայի հավաքականը և` դա էլ միայն այնքանով, որ նրանց հետ դեռ չենք հանդիպել։ Եվ այստեղ չենք կարող չհիշել Բելգիայի հավաքականի հետ հանդիպման նախօրյակին Յան Պոուլսենի հրավիրած մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա միանշանակ հասկացնել տվեց, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու մինչև հասնենք եվրոպական միջին թիմերի մակարդակին.
-Իհարկե, ես Ձեզ հասկանում եմ։ Դուք ցանկանում եք, որ բարձրակարգ հավաքականների դեմ Հայաստանի հավաքականը հաջող հանդես գա, բայց դրա համար ժամանակ ու համբերություն է պետք։ Ոչինչ միանգամից չի լինում։ Նախ եկեք համեմատենք Հայաստանի առաջնություններն ու այդ երկրներինը։ Մեզ մոտ ընդամենը ութ թիմ է խաղում, իսկ իսպանական մեկ ակումբի բյուջեն ավելի մեծ է, քան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայինը, բացի այդ, խաղացողների ընտրության հնարավորություն չունենք...
Դե ինչ, շնորհակալ ենք գլխավոր մարզչին, որը, ինչպես հարկն է, հայկական ֆուտբոլի «պորտը» դրեց իր տեղը։ Բայց չէ՞ որ նախկինում էլ պատկերը նույնն էր, բյուջեն, թերևս, շատ ավելի վատ, իսկ ուրախանալու, հպարտանալու պահեր, այնուամենայնիվ, քիչ չենք ունեցել։ Վերջապես այս տարի լեգենդար «Արարատը» կնշի իր խորհրդային տարիների ոսկե վերելքի 35-ամյակը, որի մասին դժվար թե գլխավոր մարզիչը չիմանար, իսկ այն ժամանակ էլ փոքրիկ Հայաստանն առանձնապես չէր փայլում բարձրակարգ ակումբների մեծ թվով, մինչդեռ ինչպիսի խաղ էր ցուցադրում...
Ինչևէ, աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլը հայկական ֆուտբոլի համար արդեն ավարտվել է։ Մնում է հուսալ, որ գլխավոր մարզիչը գոնե մնացած ժամանակում կփորձի կարգի բերել հավաքականի «խոհանոցը», որը դեռ մեզ ապագայում պետք է գալու...
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ